Traduci pagina

English French German Italian Portuguese Russian Spanish

Lragir

Abbonamento a feed Lragir
Aggiornato: 3 giorni 3 ore fa

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանը դպրոցական սննդի ծրագրի հայաստանյան փորձը ներկայացրել է Իրաքի պատվիրակությանը

Mar, 16/08/2022 - 9:18am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի կրթության նախարարության պատվիրակության և Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Իրաքի գրասենյակի անդամներին:

Ժաննա Անդրեասյանն Իրաքի կրթության նախարարության տեխնիկական հարցերով փոխնախարար Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամիի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է դպրոցական սննդի ծրագիրը, որն իրականացվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) աջակցությամբ: Այս համատեքստում նախարարի տեղակալը խոսել է  սննդի ծրագրի իրագործման, կազմակերպչական կառուցվածքի, Կառավարության ստանձնած պարտավորության, հիմնական ձեռքբերումների ու մարտահրավերների մասին: 

«Ողջունում եմ ձեզ, ուրախ եմ, որ փորձի փոխանակման և համատեղ ծրագրեր նախաձեռնելու հնարավորություն ունենք: Վստահ եմ, որ Հայաստանում գտնվելու ընթացքում դուք անձամբ հնարավորություն կունենաք ծանոթանալու ՀՀ դպրոցներում ներդրված սննդի ապահովման ծրագրի աշխատանքներին»,- ասել է փոխնախարարը և հավելել, որ 2010 թվականից Հայաստանի բոլոր մարզերում ՊՀԾ-ն և ՀՀ կառավարությունը հաջողությամբ իրականացնում են դպրոցական սննդի ծրագիրը, որն այս տարիների ընթացքում դարձել է մարդկային կապիտալի զարգացման և ազգային աճի խթանման ամուր հիմք:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ծրագրի հիմնական նպատակներից է դպրոցական սննդի կառավարման ազգային կարողությունների բարելավումը: 

Ծրագրի աստիճանական ազգայնացումը սկսվել է 2017 թ.-ին, երբ ՊՀԾ-ն յուրաքանչյուր տարի մեկ մարզում դպրոցական սննդի ապահովման կառավարումը փոխանցել է ազգային ծրագրի կառույցին՝ մինչև 2023 թ. ծրագրի լիարժեք ազգայնացման տեսլականով: Նրա խոսքով` ՊՀԾ աջակցությամբ ամրապնդվել են ազգային կարողությունները՝ նպաստելով նպատակային քաղաքականության մշակմանը, որը հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն իրականացնելու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագիրը:

Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Իրաքի կառավարությունը, ընդունելով դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի հաջողված փորձը, ցանկություն ունի ուսումնասիրել Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Իրաքի ներկայացուցչի խոսքով՝ Հայաստան այցի նպատակն է Իրաքի կրթության նախարարությանը և կառավարական այլ շահագրգիռ կողմերին փոխանցել Հայաստանի կառավարության կողմից ստեղծված ու գործարկվող Ազգային դպրոցական սննդի ապահովման ծրագրի փորձն ու ռազմավարությունը՝ միաժամանակ հայ գործընկերներին ներկայացնելով արտակարգ իրավիճակներում դպրոցական սննդի ապահովման  գործընթացի նախագծման և իրականացման իրաքյան փորձը։

Հանդիպման ավարտին Հուսեյն Սաբրի Համադ Ալ-Լամին հուշանվեր է հանձնել Ժաննա Անդրեասյանին և հրավիրել Իրաք՝ անձամբ ծանոթանալու դպրոցական սննդի ապահովման ազգային ծրագրի իրականացման աշխատանքներին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Categorie: Armenia

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բուժկենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած

Mar, 16/08/2022 - 9:14am

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած:  Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։

Categorie: Armenia

Մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել

Mar, 16/08/2022 - 8:45am

Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր տեղադրելու ահազանգ է ստացվել. ուղեւորափոխադրումները դադարեցված են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, հաղորդագրություն է տարածել Երեւանի մետրոպոլիտենը։

«Հարգելի՛ քաղաքացիներ, օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղեւորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Categorie: Armenia

Մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը, ԱԻՆ խոսնակ

Mar, 16/08/2022 - 8:31am

Ժամը 10:00-ի դրությամբ մահացած 16 քաղաքացիներից հայտնի է միայն 6-ի ինքնությունը։ Անհետ կորած քաղաքացիները 17-ն են։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

Categorie: Armenia

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի վերսկսումը կարող է հանգեցնել Հայաստանի իրավիճակի փոփոխության

Mar, 16/08/2022 - 8:24am

Վիեննայում և Դոհայում ամիսներ տեւած ինտենսիվ բանակցություններից հետո Իրանի միջուկային համաձայնագրի վերսկսման վերաբերյալ վերջնական համաձայնությունը թվում է ավելի հասանելի, քան երբեւէ, հայտնում է IRNA-ն: Իրանն իր կարծիքն է հայտնել՝ ի պատասխան Եվրամիության կողմից ներկայացված Վիեննայի համաձայնագրի փոխզիջումային նախագծի։ Երեք հարցում կան տարաձայնություններ, որոնցից երկուսի հարցում ԱՄՆ-ը պատրաստ է ճկունություն ցուցաբերել։ Երրորդ խնդիրը պատժամիջոցների վերացման Իրանի պահանջն է։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ եթե Իրանը պատրաստ է վերադառնալ գործարքին, ապա Ամերիկան ​​պատրաստ է։ Միաժամանակ Նեդ Փրայսը նշել է, որ եթե Իրանը չկարողանա կամ պատրաստ չէ ամբողջությամբ իրականացնել համաձայնագիրը, ապա պատժամիջոցները կպահպանվեն։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է, որ ամերիկացիները Կոնգրեսի ընտրությունների նախաշեմին կուլիսներում խոսում են բենզինի, էներգիայի հետ կապված խնդիրների մասին և օգնություն խնդրում։

Ուկրաինական պատերազմի և էներգակիրների գների բարձրացման ֆոնին Իրանի հետ միջուկային գործարքի հարցը արդիական է դարձել. Իրանը ոչ միայն էներգառեսուրսների մեծ պաշարներ ունի, այլև կարող է դառնալ վառելիքի կարևոր տարանցիկ այլ տարածաշրջաններից։ Եթե ​​հնարավոր լինի վերականգնել միջուկային գործարքը, հանել պատժամիջոցները Իրանից, ապա Եվրոպային էներգակիրներով ապահովելը հնարավորություն կտա չեզոքացնել Պուտինի «գազային շանտաժը»։

Այս համատեքստում, Հայաստանը մեկուսացնելու և տարածաշրջանային հաղորդակցությունների վրա վերահսկողություն հաստատելու Ռուսաստանի և Թուրքիայի շտապողականությունը, ի թիվս այլ բաների, դիտվում է որպես Իրանի մուտքը համաշխարհային շուկա խոչընդոտելու փորձ։ Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը իր հրաժարականի նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը խոչընդոտում է միջուկային գործարքի վերականգնմանը։

Այժմ Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են արգելափակել հայ-իրանական սահմանը և Հայաստանի ու Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա հնարավոր հաղորդակցությունները։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» հայ-իրանական սահմանի շրջափակումն է և Հայաստանի հարավի բռնակցումը։

Երեկ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին կրկին հայտարարեց՝ պատասխանելով Հայաստանի մասին հարցին. «Մենք կոչ ենք անում պահպանել միջազգային սահմանները և պահպանել աշխարհաքաղաքական պայմանները տարածաշրջանում»։

Իրանի համար տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն անընդունելի են. այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։ Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Պուտինի և Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Թեհրանը դեմ է Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելուն եւ հակազդելու է այդ քաղաքականությանը։

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային գործարքի վերսկսումը կարող է հանգեցնել տարածաշրջանում մեծ վերափոխումների և Հայաստանի իրավիճակի ու դերակատարության փոփոխության։ Հայաստանի կարևորության և հայ-իրանական սահմանը փակելու Թուրքիայի և Ռուսաստանի ծրագրերի ընդհանրության մասին է վկայում այն, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը զգուշացրել է Պուտինին և Էրդողանին Հայաստանի և Իրանի միջև սահմանի փակման անթույլատրելիության մասին։

Categorie: Armenia

Հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի. Տիգրան Ավինյան

Mar, 16/08/2022 - 8:24am

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը համոզված է, որ հրավառությունների ազատ կազմակերպման արգելք պետք է սահմանվի, իսկ հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի: Այս մասին Տիգրան Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Դեռևս 2020թ. քննարկում էինք հրավառությունների կազմակերպման կարգի խստացման հարցը։ 2021թ. նախաձեռնությունը ստացավ կառավարության համաձայնությունը և ուղարկվեց Ազգային ժողով։ Հասկանալով հանդերձ գործարարների տնտեսական շահերը՝ կարծում եմ, որ, այնուամենայնիվ, հրագործական արտադրանքի ազատ վաճառքը պետք է արգելվի, ինչպես նախատեսված էր մեր առաջարկած կարգավորմամբ։

Նախագծով՝ հրավառությունները թույլատրվելու էին միայն պետական ու համայնքային միջոցառումների դեպքում, հրագործական արտադրանքի ազատ վաճառքն արգելվում էր։ Դրանց ազատ կիրառումը ոչ միայն խախտում է հասարակական կյանքը, մարդկանց անդորրը, այլև հաճախ հանգեցնում ֆիզիկական վնասվածքների։ Նույնիսկ այս օրերին է շարունակվում դրանց օգտագործումը՝ հարուցելով մեր համաքաղաքացիների զայրույթը։

Համոզված եմ, որ հրավառությունների՝ ազատ կազմակերպման արգելքը պիտի սահմանվի, և հորդորում եմ ԱԺ-ի մեր գործընկերներին ձեռնամուխ լինել այդ նախաձեռնության կյանքի կոչմանը։

Ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- գրել է Ավինյանը։

Categorie: Armenia

Հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն օգոստոսի 19-ից

Mar, 16/08/2022 - 8:21am

Օգոստոսի 19-ից դպրոցների տնօրենների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների մասնակցությամբ մեկնարկում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների նպատակն է նոր ուսումնական տարվան ընդառաջ ոլորտի խնդիրները քննարկել տեղերում` տնօրենների,  հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:

Քննարկումների օրակարգում ընդգրկված են 2022-2023 ուսումնական տարվա ընթացիկ գործողություններին վերաբերող հարցեր: Ըստ սահմանված ժամանակացույցի` հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությունները կմեկնարկեն Տավուշի մարզից` օգոստոսի 19-ին:

ՀՀ Արագածոտնի մարզում խորհրդակցությունները կանցկացվեն օգոստոսի 23-ին, Արմավիրում՝  օգոստոսի 24-ին, Արարատում և  Վայոց ձորում՝ օգոստոսի 25-ին, Սյունիքում (Կապան և Գորիս)` օգոստոսի 26-ին,  Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում` օգոստոսի 29-ին, Շիրակում և Լոռիում` օգոստոսի 30-ին: Երևան քաղաքի նախադպրոցական, հանրակրթական, ինչպես նաև ԿԳՄՍՆ ենթակայության ուսհաստատությունների տնօրենների խորհրդակցությունները տեղի կունենան օգոստոսի 31-ին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Categorie: Armenia

Պայթյուններ Ղրիմում․ այրվում է ռուսական զորամաս

Mar, 16/08/2022 - 8:10am

Օգոստոսի 16-ի առավոտյան Ղրիմում պայթյուններ են որոտացել։ Ըստ ուկրաինական զլմ-ների, պայթյունները տեղի են ունեցել Ջանկոյ շրջանի Ազովսկոյե գյուղում։ Հարվածներ են հասցվել ռուսական զորամասին, այրվում է ռուսական բանակի զինամթերքի պահեստը, Ֆեյսբուքի իր էջում գրել է Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը։

Categorie: Armenia

Հայաստանում սգո օր կհայտարարվի

Mar, 16/08/2022 - 7:35am

Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում  օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ երեխա ու հղի կին։ Երևանի բժշկական կենտրոններ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը դուրս են գրվել։ Անհետ կորած է համարվում 18 քաղաքացի։

Categorie: Armenia

Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի

Mar, 16/08/2022 - 6:56am

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհված 16 քաղաքացիներից 10-ի անձը դեռևս պարզված չէ։ Նրանց մեջ կա հղի կին և մանկահասակ երեխա։ Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Categorie: Armenia

ԱԻՆ-ը հրապարակել է հնարավոր անհետ կորածների 23 անուն

Lun, 15/08/2022 - 8:35pm

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

23. Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Categorie: Armenia

Տեխնիկան համալրվել է, փրկարարների պակաս չկա. Որոնողափրկարարական աշխատանքները կանցկացվեն առանց դադարի

Lun, 15/08/2022 - 8:09pm

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ԱԻՆ փրկարարական ծառայությունը կենտրոնացած է այն հատվածի վրա, որտեղից քաղաքացու ձայն է լսվել: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամը 21:00-ի դրությամբ որևէ  քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից:

«Սխալ տեղեկություն տարածվեց վերջին մեկ ժամվա ընթացքում: Ասեմ, որ, ցավոք, առայժմ, որևէ քաղաքացու փրկարարները դուրս չեն բերել: Ներկայում մեր ծառայողները իրենց ուժերը կենտրոնացրել են այդ հատվածում և իրականացնում են որոնողափրկարարական աշխատանքներ, կիրառվում է հատուկ տեխնիկա: Յուրաքանչյուր նման արձագանքի պարագայում մենք կենտրոնացնում ենք համապատասխան ուժեր: Տեղում էր «Շտապ օգնություն» ծառայության մեքենան: Ինչպես գիտեք նման րոպեները կարող են որոշիչ լինել, հետևաբար բոլոր ուժերը կենտրոնացնում ենք, որ անհրաժեշտության դեպքում ճիշտ ու ժամանակին բուժօգնություն ցուցաբերվի»,-ասաց ԱԻ նախարարը:

Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ամբողջ գիշերը շարունակելու են աշխատանքները: Փրկարարները որդեգրել են ոչ մի վայրկյան դադար սկզբունքը:

«Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-ասաց նա:

Categorie: Armenia

Արցախի հարցի լուծման միակ տարբերակը

Lun, 15/08/2022 - 8:02pm

Lragir.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

Պարոն Պապյան, Արցախի դեմ հերթական ռազմական ագրեսիան գրանցվեց, ինչից հետո հայտարարվեց, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվում են։ Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում։

Այս զարգացումները ցույց են տալիս, որ ռուս-թուրքական ծրագիրը, որն սկսվել էր տարիներ առաջ, իրենց համար հաջողությամբ առաջ է ընթանում։ Իրենք իրենց խնդիրները լուծելով գնում են։ Պետք է հիշեցնեմ, որ այդ գործողությունները նախորդեցին Պուտին-Էրդողան հանդիպմանը, և ըստ էության Պուտինը, չունենալով որևէ այլ լուրջ գործոն Ուկրաինայի դեմ պատերազմում՝ իր խնդիրներն առաջ մղելու և լուծելու համար, որպես միջնորդ Էրդողանին է ընտրել։ Եվ բնականաբար Էրդողանն էլ Հայաստանի հաշվին ռուսներից պոկելով առաջ է գնում։ Սա նոր բան չէ, ես սա վաղուց էին կանխատեսել։ Քանի դեռ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել ձևավորել այլընտրանքային անվտանգության համակարգեր, հերթով պոկելով գնալու են։ Սա դեռ վերջը չէ։

Հայաստանի և Արցախի իշխանությունների գործողություններն այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում։ Հենց իշխանության ներկայացուցիչներն են գնում ու մարդկանց ասում, որ պետք է լքեն իրենց բնակավայրերը, նաև հայտարարում են, որ այդ տարածքները նախկին ԼՂԻՄ-ից դուրս են։

Որպեսզի իշխանությունները կարողանան պայքարել, համապատասխան հիմքեր պետք է ստեղծեն։ Ներկա իրավիճակը պետք է փոխել։ Մենք խոսում ենք միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտության մասին, բայց պետությունը ձայն չի հանում։ Քանի դեռ մնում ենք ռուսի հույսին, նա էլ մնում է թուրքի հույսին, այսպես է լինելու։ Սա ընդհանրապես Հայաստանի անվտանգության հարց է, որը սխալ է ձևավորվել ու ընթացել տասնամյակներ ի վեր։ Եվ դա շարունակում է խորանալ։ Մենք ունեինք մի շրջան, որ կարողանում էինք գոնե դիվանագիտական առումով Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ ունենալ, բայց փոխանակ այդ դիվանագիտական հարաբերություններին գումարվեր Արևմուտքի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների ամրապնդումը, տեղի ունեցավ հակառակը։ Բնական է, եթե դու կախված ես մեկ երկրից, նրանք շահարկելու են իրենց այդ կարգավիճակը, ինչն այսօր անում է Ռուսաստանը, հատկապես Ռուսաստանը, որը շատ թուլացած է և դեռ թուլանալու է։ Իշխանությունները պետք է լուծեն մեծ հարցեր, եթե կարողանան լուծել Հայաստանի անվտանգության հարցերը լայն առումով, մնացած ածանցյալներն ինքնըստինքյան կլուծվեն։ Տեղային հարցերն էական չեն՝ կկարողանանք մեկ գյուղ մեկ ամիս կամ երկու տարի ավել պահել։ Ենթադրենք երկու տարի էլ կարողանանք Աղավնոն պահել, բա դրանից հետո ի՞նչ է լինելու, ընդհանրապես Արցախի, Հայաստանի ճակատագիրն ի՞նչ է լինելու։ Նման հարցերի պատասխանը պետք է իշխանությունները տան այսօր։

Արցախի պաշտպանության բանակը լուծարելու նպատակ է դրված, ի՞նչ կարող է նշանակել դա։

Հայկական կողմը պետք է ունենա այնքան կարողություն, որ դիմադրի դրան կամ պետք է ունենալ դաշնակից, որը չունենք։ Այս հարցերը լուծված չեն։ Ավելին, իշխանություններն ասում են՝ Աղավնոն ու Բերձորը ԼՂԻՄ տարածքից դուրս են։ Այսինքն՝ իրենք ընդունում են, որ այն անօրինական որոշումները, որոնցով Արցախը տրվել է Ադրբեջանին, ԼՂԻՄ է ձևավորվել, որից դուրս են թողնվել ինչ-որ տարածքներ, դա օրինական է։ Դե եթե իրենք ընդունում են, որ դա օրինական է, բնականաբար Ադրբեջանն էլ պահանջում է, որ «իր տարածքում զինված խմբավորումներ չպետք է լինեն, որոնք չեն ենթարկվում կենտրոնական իշխանություններին»։ Այսինքն՝ մի կողմից ընդունում ենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է, մյուս կողմից էլ ասում ենք, որ այդ  տարածքում կարող են Ադրբեջանին չենթարկվող զինված ուժեր լինել։ Այսինքն՝ սկզբունքային սխալ է անում հայկական կողմը, և աշխարհը մեր կողքին չի կանգնում։ Արցախի հարցի լուծման միակ տարբերակն այն է, որ պետք է դնել հետևյալ հարցը՝ Արցախն ի սկզբանե անօրինական է գտնվել Ադրբեջանի կազմում։ Դա եղել է Հայաստանի օրինական տարածքի օկուպացիա՝ ռուս-թուրքական 11-րդ կարմիր բանակի կողմից։ Հետո անօրինական վարչական ձևավորումներ են եղել, և հենց այդ անօրինականությունը պետք է շտկվի։ Եթե գործընթացներն այսպես շարունակվեն, այո, Պաշտպանության բանակը զինաթափելու են, այնտեղ թողնելու են միայն թեթև զենքով ոստիկանություն, որը ենթարկվելու է Բաքվին։

Դիմակայելու հնարավորություն կա, եթե ճիշտ քաղաքականություն վարենք, եթե այս երկու տարին ոչ թե ձևական քայլեր անեինք, այլ իսկապես պաշտպանություն ու ինքնապաշտպանություն ձևավորեինք, եթե արմատապես փոխվեր բանակի կառուցվածքը։ Կատարված փոփոխությունները հուսադրող չեն, հիշենք, որ երկար ժամանակ բանակը Գլխավոր շտաբի պետ չուներ, բացահայտումներ չեն կատարվել բանակում կատարված սխալների և հսկայական անօրինականությունների վերաբերյալ։ Եթե անօրինականություն իրականացնողները չեն պատժվել, ո՞նց ենք ուզում փոփոխություն ունենալ։ Մենք լավ հասկանալով, որ Ռուսաստանը այլևս մեր դաշնակիցը չէ, չենք կարողացել այլ դաշնակիցներ ձևավորել մեզ համար, թեպետ դրա համար շատ նպաստավոր նախադրյալներ կան։

Categorie: Armenia

Լատվիան Ուկրաինային է փոխանցել չորս ուղղաթիռ

Lun, 15/08/2022 - 7:17pm

Լատվիայի իշխանությունները Ուկրաինային են հանձնել չորս ուղղաթիռ։ Այս մասին Twitter միկրոբլոգում հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը։

«Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հենց նոր ստացան Լատվիայի նվիրաբերած չորս ուղղաթիռներ»,- ասել է նախարարը։ Նա նշել է, որ շուտով այդ ուղղաթիռները կներառվեն ուկրաինական բանակի օդային նավատորմի կազմում։

Պաբրիկսը նաև ասել է, որ Արևմուտքը պետք է աջակցի Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ նրա ամբողջ տարածքը չի ազատագրվել ռուսական օկուպացիոն ուժերից։

Նրա կարծիքով՝ Ուկրաինա տեղափոխված ուղղաթիռները կօգնեն ռազմական գործողություններ իրականացնել եւ փրկել ուկրաինացի զինվորականների կյանքը։

Categorie: Armenia

Վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով

Lun, 15/08/2022 - 6:10pm

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի և 358-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհետաձգելի ու մեծածավալ գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հավելենք, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի ունեցած պայթունի հետևանքով, այս պահի դրությամբ, գրանցվել են 7 մարդու մահվան և ավելի քան 50 քաղաքացիների՝ մարմնական տարբեր վնասվածքներ ստանալու դեպքեր:

Ստացված տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև առևտրի կենտրոնի տարածքում գտնվող տաղավարներ, ինչպես նաև՝ հարակից շինություններ և կայանված ավտոմեքենաներ:

Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը. հարցաքննվել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Պարզվում է առևտրի կենտրոնի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, աշխատակիցների ինքնությունը, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

Categorie: Armenia

Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը

Lun, 15/08/2022 - 5:39pm

Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա – Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի: Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ:

Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Երեւանի քաղաքապետարանը:

Categorie: Armenia

ԱԻՆ-ը հրապարակել է անհետ կորածների նոր ցուցակ

Lun, 15/08/2022 - 5:34pm

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մարիամ Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Վանիա Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2016 թ․)

19․ Էդրիս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված 2002 թ․)

20․ Քիոմարս Ֆաթհի (ԻԻՀ քաղաքացի, ծնված  1972 թ․)

21․ Մոնիրե Նադերի (ԻԻՀ քաղաքացի)

22․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

ՀՀ ԱԻՆ-ը անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ

Categorie: Armenia

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի

Lun, 15/08/2022 - 5:23pm

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած հրդեհի և պայթյունի զոհերի թիվը հասել է 7-ի, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանանը։ «Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։

Categorie: Armenia

Մետաղի ջարդոնի հետեւից

Lun, 15/08/2022 - 5:19pm

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ նախարար Սուրեն Պապիկյանի մոսկովյան այցը սկսել է «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի մասնակցությունից։ Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, հայտնում են ՊՆ-ից:

Հիշվում է՝ նախորդ նախարարի մոսկովյան այցի ժամանակ տեղեկություն տարածվեց, թե Շոյգուն հայտնել է, որ սկսում է Հայաստանին ժամանակակից սպառազինության մատակարարումը։ Հետո Ալիեւը հայտարարեց, թե ռուսական կողմն իրեն հավաստիացրել է, որ մատակարարում չի լինելու, Մոսկվայից չհերքեցին։

Ռուսական կոնվենցիոնալ սպառազինության որակը բացահայտվեց Արցախյան պատերազմում, երբ Բաքվի տրամադրության տակ գտնվող ոչ մեծ քանակի ոչ ռուսական սպառազինությունն ապահովեց լուրջ առավելություն։ Դրան պետք է գումարել նաեւ հակաօդային պաշտպանության համալիրների (որն ըստ պայմանագրի՝ հայ ռուսական միացյալ ՀՕՊ է) անջատում-միացումները։

Ռուսական սպառազինության որակները սակայն իրենց ողջ «վեհությամբ» բացահայտվեցին Ուկրաինայում, հատկապես այն բանից հետո, երբ ուկրաինական բանակը ստացավ արեւմտյան-ՆԱՏՕ-ական ստանդարտների ծանր սպառազինություն։ Չնայած անհամեմատ փոքր քանակին, սյդ սպառազինության շնորհիվ ուկրաինական բանակը կայունացրեց իրավիճակը ռազմի դաշտում եւ կետային ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական բանակի շտաբներին, հրամանատարական կետերին եւ կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչն անհնար է դարձնում ռուսական բանակի զանգվածային գրոհը, խախտում է մատակարարումների շղթան ու համակարգված գործելու հնարավորությունները։ Ռուսական բանակն առայժմ պահում է դիրքերը մարդուժի եւ սպառազինության քանակի եւ միջուկային շանտաժի շնորհիվ, այդպիսով փորձելով կանխել արեւմտյան սպառազինության զանգվածային մատակարարումներն Ուկրաինային։

Մետաղի ջարդոնի վերածված ռուսական տեխնիկա Ուկրաինայում

Իր հերթին, պատժամիջոցների պատճառով լուրջ խնդիրների առաջ է կանգնած ռուսական ռազմարդյունաբերությունը, քանի որ քիչ թե շատ բարձրտեխնոլոգիական սպառազնության մեջ օգտագործվում են արեւմտյան բաղադրիչներ եւ էլեկտրոնիկա, որը Ռուսաստանն ի վիճակի չէ արտադրել։ Մոսկվան փորձում է այդ բաղադրիչները «գորշ սխեմաներով» ձեռք բերել Թուրքիայի, Չինաստանի օգնությամբ, ինչպես նաեւ փորձում է «ադապտացնել» արեւմտյան արտադրության սառնարանների, լվացքի մեքենաքների եւ կենցաղային այլ տեխնիկայում օգտագործվող չիփերը։

Հայկական բանակը «ռուսական բանակի խողովակով արդիականացնելու» վերաբերյալ հայտարարություններն այս պայմաններում անհեթեթ են հնչում, առավել եւս՝ պատերազմների բնույթի փոփոխության դարաշրջանում։ Ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ ռուսական սպառազինությունը շատ արագ վեր է ածվում մետաղի ջարդոնի՝ արեւմտյան ավելի տեխնոլոգիական զենքերի հարվածներից։ Իսկ Հայաստանի դեպքում ավելանում է նաեւ սպառազինության կիրառման քաղաքական բաղադրիչը, մեղմ ասած։

Categorie: Armenia

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին

Lun, 15/08/2022 - 4:35pm

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հնդկաստանի Հանրապետության անկախության 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախալի է տեսնել իր անկախության տարիների ընթացքում Հնդկաստանի նշանակալի առաջընթացն ու նվաճումները։ Հնդկաստանի դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում իր դրական ներգործությունն է ունենում աշխարհի զարգացման և արդիականացման վրա։

Մենք կիսում ենք ընդհանուր արժեքները և շահերը, որոնք իրապես ամրապնդում են երկու երկրների միջև փոխվստահության վրա խարխսված կապերը: Ինչպես պատմության խորքից եկող մեր առնչությունները, այնպես էլ տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը յուրահատուկ բնույթ են հաղորդում մեր գործընկերությանը: Հայաստանն իր աջակցությունն է հայտնում Հնդկաստանին նաև գլոբալ մարտահրավերների կարգավորման իր ջանքերում:

Ապահովելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ մենք պատրաստակամ ենք աջակցելու առևտրատնտեսական, ներդրումային և տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցության նոր և հավակնոտ ծրագրերի իրականացմանը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, Ձերդ գերազանցություն, քաջառողջություն, բազում հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղ երկինք ու բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Categorie: Armenia